11/04/2018 12:38
Այս երևույթը վտանգի է ենթարկում ԱԺ շենքը. Արա Բաբլոյանը՝ «Ելք»-ի պատգամավորների գործողությունների մասին (Տեսանյութ)
Քննարկում ենք նախագիծ, որը նպատակ ունի քաղաքացիների ու նրանց անվտանգությունը պահպանել, մինչդեռ ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ԱԺ ամբիոնից «Ելք»-ի պատգամավորների ակցիայի հետո։
Բաբլոյանը նկատեց, որ այդ գործողությունները ստիպում են դահլիճում աշխատող պատգամավորներին շնչել թունավոր նյութեր։
«Ես ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ ուղղակի որպես քաղաքացի և որպես բժիշկ եմ հանդես գալիս, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով՝ պատագնավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որը վտանգում է նրանց առողջություն ու կյանքը։ Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե լիներ հրդեհ։ Այստեղ 700 աշխատակից պետք է վտանգված լիներ: Ես այդ արարքն անընդունելի եմ համարում», - նշեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը հրավառություն կազմակերպեցին ԱԺ ամբիոնից։