12/04/2018 16:58
ԴԱՀԿ-ի ճոխ ծախսերն ու ծախսված միլիոնավոր գումարները. ՎՊ ուսումնասիրություն
Հայաստանի Վերահսկիչ պալատը (խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ՝ Հաշվեքննիչ պալատ) վերջերս է ավարտել ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման ուղղությամբ իրականացված վերահսկողությունը և օրերս էլ հրապարակել է վերահսկողության արդյունքները։ Ըստ այդմ, վերահսկողությունը կատարվել է 2017 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2018 թվականի մարտի 15-ը։
Վերահսկիչ պալատի հաշվետվությունից Aysor.am-ը տեղեկանում է, որ 2016 թվականին ԴԱՀԿ-ի պահպանման ծախսերի 84,3%-ը կազմել են աշխատողների վարձատրության և պարգևատրման ծախսերը, իսկ 2017-ին՝ 83,4%-ը։
ԴԱՀԿ-ի կարիքների համար 2016-ին ապրանքների ձեռք բերման ծախսերը կազմել են 64 մլն 229,5 հազար դրամ, իսկ 2017-ին՝ 53 մլն 476,0 հազար դրամ։
Ծառայության 13 ավտոմեքենաների շահագործման համար «տրանսպորտային նյութեր» հոդվածով բենզինի ձեռք բերման ծախսերը 2016-ին կազմել են 10 մլն 806,2 հազար դրամ, իսկ 2017-ին՝ 11 մլն 784,0 հազար դրամ։ Հաշվետվության մեջ նշվում է, որ ծառայության մնացած ավտոմեքենաները շահագործվել են արտաբյուջետային միջոցների հաշվին:
2016-ին ԴԱՀԿ-ի ծախսերը «գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով կազմել են 53 մլն 423,4 հազար դրամ, իսկ 2017-ին՝ 41 մլն 146,0 հազար դրամ:
Վկայակոչելով արդարադատության նախարարի համապատասխան հրամանը, Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշվում է, որ ԴԱՀԿ-ի յուրաքանչյուր ծառայողին երկու տարվա համար տրամադրվում է մեկ սվիտեր: Ծառայությունը բյուջետային միջոցների հաշվին 2016 թվականին «Արս-Ֆայն» ՍՊԸ-ից և 2017 թվականին «էլաամոդա» ՍՊԸ-ից ձեռք է բերել համապատասխանաբար՝ 200 հատ և 150 հատ սվիտեր, մեկ հատը' 17,5 հազար դրամով։
Ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ծառայության պահեստում սվիտերների մնացորդը կազմում էր 580 հատ: ՎՊ եզրակացությամբ, փաստորեն, հաստիքացուցակի 427 աշխատողներ ունեցող ԴԱՀԿ-ն ապահովված է եղել սվիտերներով հաջորդ երկու տարվա համար, սակայն 2016 և 2017 թվականներին 6 մլն 125,0 հազար դրամի 350 հատ սվիտեր է գնել:
ԴԱՀԿ-ն, պարզվում է, ոչ միայն խոշոր գումարներ է բյուջեից ծախսել, այլ նաև չի հետևել օրենքին։ 2016 թվականին Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման նախահաշիվ չի կազմել, և համակարգի զարգացման բաղադրիչի միջոցների հաշվին գնումները կատարվել են առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գնումների գործընթացների՝ չի կազմվել գնումների պլան, չի ընտրվել գնման ձև և կնքվել են ուղղակի պայմանագրեր:
Պետական բյուջեից ֆինանսական միջոցների անխնա ծախսման մեկ այլ փաստ էլ է գրանցել Վերահսկիչ պալատը: Այսպես ԴԱՀԿ-ն «Զեթ Թեքնոլոջի» ՍՊԸ-ի հետ 2016-ի սեպտեմբերի 13-ին կնքել է պայմանագիր, որի համաձայն, ընկերությունը մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը պարտավորվել է փաստաթղթաշրջանառության ավտոմատացման համակարգում ներդնի նոր ծրագիր։ Պայմանագրի արժեքը կազմել է 7 մլն դրամ։
Պայմանագրի համաձայն՝ ստանձնած պարտավորությունների դիմաց գումարը պետք է վճարվեր երկու փուլով՝ 3,5 մլն-ը վճարվում է հոկտեմբեր ամսին, իսկ մյուս 3,5 մլն-ը՝ հանձնման-ընդունման ակտ ստորագրելուց հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Սակայն ստուգմամբ պարզվել է, որ հանձնման-ընդունման արձանագրություն չի կազմվել, պայմանագրի ժամկետը ավարտվելուց 12 ամիս անց՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին կնքվել է համաձայնագիր, որով աշխատանքը ընդունվել է մասնակի կատարված՝ վճարված 3,5 մլն դրամի չափով, և պայմանագիրը լուծվել է:
«Փաստորեն, մինչև համաձայնագիր կնքելը Ծառայության կողմից ենթակա էր հաշվարկել և «Զեթ Թեքնոլոջի» ՍՊԸ-ից գանձել 3,5 մլն դրամի կատարված աշխատանքի յուրաքանչյուր ուշացված օրվա համար պայմանագրի 6.1 կետով նախատեսված 0,1 տոկոս տույժ՝ 1 մլն 277,5 հազար դրամ», - եզրակացրել է ՎՊ-ն:
Հայտնաբերված մեկ այլ փաստի համաձայն, ԴԱՀԿ-ն «Սոֆթ Թայմ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 570 հատ «Կասպերսկի» համակարգչային ծրագրային արտոնագրեր՝ 8 մլն 236,5 հազար դրամ արժեքով։ Սակայն ստուգմամբ պարզվել է, որ ԴԱՀԿ-ի հաշվեկշռում այդ տարի առկա է եղել 521 հատ համակարգիչ, որից 11-ն անսարք են եղել և չեն շահագործվել։ ՎՊ-ն եզրահանգման է եկել. «Ծառայությունը պահանջվածից ավելի գնել է 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր»:
Բացի այդ, ԴԱՀԿ-ն նախընտրել է գնել ավելի թանկ A4 ֆորմատի թուղթ՝ պետբյուջեից ծախսելով միլիոնից ավելի գումար։ Ընդ որում, ըստ ՎՊ եզրակացության, գնումները կատարվել են «Գնումների մասին» օրենքի պահանջների խախտմամբ։ Ավելին, միլիոնավոր գումարներ են ծախսվել ԴԱՀԿ վարչական շենքի նորոգման աշխատանքների վրա, ինչի արդյունքում ՎՊ-ն նկատել է. «Փաստորեն, Ծառայության վարչական շենքի վերանորոգումների համար 2017 թվականին կնքված չորս պայմանագրերով կապալառուներին հավելյալ վճարվել է 5 մլն 182,1 հազար դրամ»։
ԴԱՀԿ-ի կողմից ճոխ ծախսերի մասին հրապարակվեց նաև օրերս. Ծառայությունը ԴԱՀԿ ծառայողի տոնին ընդառաջ նորաստեղծ «Էյսի ունիվերսալ» ընկերության հետ ուղղակի կնքել է պայմանագիր, որի համար պարտավորվել է վճարել 51 մլն 949.360 դրամ՝ տոնական միջոցառումներ, հյուրանոցային ծառայություններ, ֆուրշետներ, Օպերայում տոնական համերգ կազմակերպելու և հյուրասիրություն մատուցելու համար։