14/04/2018 19:20
ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացվել է, երբ քայլարշավի մասնակիցները ճեմում էին Վանաձոր-Դիլիջան մայրուղում. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, պարզվում է, տասն օր առաջ է որոշում կայացրել խորհրդի նիստն անցկացնել ոչ թե կուսակցության երևանյան գրասենյակում, այլ՝ Ծաղկաձորում։
«Ծաղկաձորի որոշումը եղել է դեռևս տասն օր առաջ: Եթե հարգարժան մեր գործընկերները կարծում են, որ դա կախված է իրենց գործողություններից, ապա պետք է իրենց հիասթափեցնեմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա վստահեցրեց, որ իրենց այդ որոշումը բացարձակապես կապ չունի այս օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Ծաղկաձորի որոշումը կայացվել է դեռ այն ժամանակ, երբ քայլարշավի մասնակիցները ճեմում էին Վանաձոր-Դիլիջան մայրուղում», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա խորհրդի նիստին մասնակցել են 250 հոգուց ավելի մարդ։
«Մեր կուսակցության խորհրդի տարածքը 200 հոգուց ավելի տեղ չունի: Այդպես է հարմար եղել ու առաջին անգամը չէ, որ մենք Ծաղկաձորում ենք անում նիստ, կուսակցությունն իր պատմության ընթացում ունեցել է բազմաթիվ արտագնա նիստեր», - նշեց նա։
Անդրադառնալով այսօր տարածված տեղեկություններին, թե, իբր, Հայաստանի վարչապետի ընտրության Ազգային ժողովի հատուկ նիստը կայանալու է ոչ թե Երևանում, այլ՝ ուրիշ վայրում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Նման որոշում չկա»։