14/04/2018 15:30
Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը Նոյեմբերյանում անցկացնելու մասին որոշում չկա. Արսեն Բաբայան
Այսօր ֆեյսբուքյան տիրույթում ակտիվ լուրեր են տարածվում, որ Հայաստանի վարչապետի ընտրության Ազգային ժողովի հատուկ նիստը կայանալու է ոչ թե Երևանում, այլ՝ սահմանամերձ Նոյեմբերյանում։
Օգտատերերից Վարուժան Բաբաջանյանը, որը նաև Նոյեմբերյանից է, գրել էր այս մասին ու հավելել. «Դե ինչ, այս աժիոտաժի մեջ նոյեմբերյանցիները գոնե մի քյար կունենան՝ տեսնելով անբարեկարգ փողոցներում իրենց թանկարժեք մեքենաները ջարդող քաղաքական ներկապնակը... Համ էլ պատգամավորները կտեսնեն մեր անտառները և գոնե կհասկանան, որ այնտեղ հանքեր բացելը տկարամտություն է...»։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց, որ ԱԺ հատուկ նիստերն անցկացնելու ձևերի մասին որոշում կայացնում է ԱԺ նախագահը և ԱԺ խորհուրդը։
«Այս պահին նման որոշում չկա», - ասաց Ա. Բաբայանը։