14/04/2018 12:34
Զինծառայողների ազգականներից խոշոր չափով գույք խաբեությամբ հափշտակելու համար ԶՈւ փոխգնդապետ է ձերբակալվել
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության (ԶՔԳՎ) հատուկ կարևորագույն գործերի (ՀԿԳ) քննության վարչության և ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Փոխգնդապետը, նրա խոսքով, ձերբակալվել է ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով և կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Նշենք, որ նույն հոդվածը սահմանում է՝ «առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելը»։
Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանի համար, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից՝ ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքի զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից՝ պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար։