14/04/2018 13:05
Սիրիայում հակամարտության թեժացումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա, պետք է հետևություններ անել. Ռուբեն Մեհրաբյան
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ 50 րոպե տևած հրթիռակոծությունն ու Մերձավոր Արևելքում հակամարտության թեժացումն ինչ-որ ձևով կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։
«Սա տարածաշրջանում լարվածության լրացուցիչ գործոն է», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Հայաստանի դիրքորոշումը տեղի ունեցող զարգացումներին, ըստ քաղաքագետի, պետք է լինի ակտիվ և խաղաղասիրական։
«Պաշտոնական Երևանը հստակ պետք է դատապարտի քիմիական զենքի գործածումն ընդհանրապես, և Հայաստանը պետք է կողմ լինի բոլոր միջազգային քաղաքական մեխանիզմների գործածմանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ», - ընդգծեց Մեհրաբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ինչ-որ կոալիցիաների մեջ մտնելու որևէ նկրտում չունի և առան4նապես չի էլ կարող ունենալ:
«Հայկական կողմը, բարեբախտաբար, այսքան տարիների ընթացքում կարողացել է խուսափել դրանից, ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, որոնք բավականին ուշագրավ են։ Ուշագրավ են այնքանով, որ զանգվածային հարված է հասցվել Ասադի ռազմական պոտենցիալին և ռուսները որևէ ձևով չեն արձագանքել իրենց դաշնակցին հասցված հարվածին», - ասաց Ռ. Մեհրաբյանը։
Սա, ըստ նրա, փաստ է, և սրանից հայկական կողմը պետք է որոշակի հետևություններ անի։
«Հայաստանը հետևություններ պետք է անի, թե ինչպես է դա այդպես ստացվում, քանի որ մի դաշնակից էլ ինքն է, և ռուսների կողմից այդ «այտերն ուռացրած» ինքնագոհ հայտարարություններին առանձնապես մեծ ուշադրություն չտա։ Հայաստանը պետք է հասկանա, որ քաղաքական դիրքորոշումներում Ռուսաստանը պարզապես միջազգային մեկուսացման մեջ է», - եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի երեք կետի: Հրթիռակոծությունը տևել է 50 րոպե: ԱՄՆ-ին միացել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։