16/04/2018 12:05
Վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Երևանում. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։
«Մենք մեր բնական գործընթացը պետք շարունակենք։ Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Ծաղկաձորում և արդյոք Հանրապետականները անհանգստացա՞ծ էին Փաշինյանի հայտարարություններից ու կարծում էին, որ ընդդիմությունն իսկապես կարող էր շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը՝ Վ.Բաղդասարյանը նշեց, որ իրենք տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ են ունենում և քանի որ խորհրդի անդամները 250 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք նիստն անցկացնելու համար։
«Նույն հաջողությամբ ընդդիմությունը կարող էր շրջափակել Ծաղկաձորի շենքը։ Երկու հայ եթե բան են պայմանավորվում, ո՞նց կարան մյուսները չիմանան։ Մենք գաղտնիք չենք պահել և հայտարարել ենք։ Ժամը նույնպես ֆիքսել ենք», - հավելեց նա։
Ապրիլի 14-ին ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացվել Ծաղկաձորում:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստանի վարչապետի ընտրության Ազգային ժողովի հատուկ նիստը կայանալու է ոչ թե Երևանում, այլ՝ սահմանամերձ Նոյեմբերյանում։