16/04/2018 14:09
Կարծում եմ՝ Փաշինյանը թույլ չի տա, որ ամեն ինչ արյունահեղության վերածվի. Ռուստամյան
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոչ է անում ընդդիմությանը օրենքի շրջանակներում գործել։
«Երբ դուրս ես գալիս այդ շրջանակներից, զենք ես տալիս իշխանություններին», - ՀՀԿ-ի հետ համատեղ նիստից հետո, որում վարչապետի պաշտոնում առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ գնահատում է Փաշինյանի անցած ճանապարհը. «Կարծում եմ, որ թույլ չի տա, որպեսզի ամեն ինչ արյունահեղության վերածվի»։
Ռուստամյանը նշեց, որ Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ և հիմա որպես առաջնային մարմին ձևավորում է իր իշխանությունը: «Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա Ազգային ժողովի առաջին նիստին, մանդատներ չստանային», - նշեց նա։
Միևնույն ժամանակ Ռուստամյանն ընդգծեց, որ վերջին օրերին ոստիկանությունը սթափություն է կիրառել, մասնավորապես, անդրադառնալով Հանրային ռադիոյի շենք Փաշինյանի և իր աջակիցների ներխուժմանը՝ Ռուստամյանը նշեց, որ եթե ոստիկանները լիարժեք կիրառեին այն ուժը, որի իրավուքն ունեին, ապա հետևանքներն ավելի լուրջ կարող էին լինել։
«Սա լուրջ ահազանգ է կազմակերպիչներին, որ մարդկանց ռիսկային բախումների շեմին չհասցնեն», - ասաց նա։
Հարցին արդյոք հնարավոր է, որ այսպես շարունակվելու դեպքում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Ռուստամյանն ասաց. «Ես չեմ բացառում, շատ հանարվոր է, եթե կողմերը զսպվածություն չցուցաբերեն»։