16/04/2018 14:58
«Ծառուկյան» խմբակցությունում վարչապետի ընտրության շուրջ դեռ քննարկումներ են ընթանում
«Ծառուկյան» խմբակցությունն այս պահի դրությամբ վերջնական որոշում չունի՝ ինչպես են քվեարկելու ապրիլի 17-ին վարչապետի ընտրության ժամանակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ « Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այս պահին քնարկումները շարունակվում են, և վերջնական որոշում դեռ չկա», - նշեց Զոհրաբյանը։
Մեր դիտարկմանը, թե Վարդան Բոստանջյանը երեկ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Ծառուկյան» դաշինքն ազատ է լինելու քվեարկության հարցում, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց.
«Ես հասկանում եմ, որ ոմանք իրենց իղձը, երազանքը, ցանկությունը փորձում են ներկայացնել իրականություն։ Բայց պետք չէ ժամանակից առաջ ընկնել։ Քննարկումներ են ընթանում և առաջիկա ժամերի ընթացքում համապատասխան որոշում կկայացվի, կհրապարակվի»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր կոալիցիոն խմբակցությունների կայացած նիստում որոշվել է վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։