17/04/2018 13:09
Հայաստանը շարունակելու է համագործակցել Ռուսաստանի, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է համագործակցությունը ՌԴ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վաչապետի թեկնածու, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
«Շարունակելու ենք մեր համագործակցությունը քաղաքական և տնտեսական առումով, ինչպես մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրներ հետ: Շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերություններն Իրանի հետ, որովհետև աշխարհի այս երկու մասերում մենք ունենք հետաքրքրություններ, մենք ունենք շուկաներ, այդ երկրները շատ էական նշանակություն ունեն տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ և, կարծում ենք, որ հուլիսի 1-ից կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք պայմանագրում ներառված են:
Մենք շարունակելու ենք բարեկամական հարաբերությունները ԱՄՆ, Չինաստանի հետ, որովհետև չենք կարող, ուղղակի չենք կարող չհամագործակցել», - ասաց Սերժ Սարգսյանն` ընդգծելով.
«Մեր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է` շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Մեր տնտեսության առևտրաշրջանառության գրեթե մեկ երրորդն այսօր Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ է, մեկ երրորդը` Եվրամիության և մեկ երրորդը` այլ երկների: Մենք փորձելու ենք այդ բալանսը պահպանել», - ասաց Ս. Սարգսյանը: