18/04/2018 14:59
Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում. Գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերով դեռևս պետք է կատարվի քննություն, որից հետո պարզ կլինի` կարիք կա՞ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործողություններ կատարելու, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այս պահի դրությամբ դրա հետ կապված չեմ կարող ոչինչ ասել: Մի քանի քրեական գործ է հարուցված, առանձին դրվագների հետ կապված նյութեր են նախապատրաստվում: Դեռևս քննություն պետք է կատարվի, որպեսզի պարզ լինի` դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ: Շատ շուտ է դրա մասին խոսելը», - ասաց Գոռ Աբրահամյանը:
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի համաձայն` Ազգային ժողովին դիմում է գլխավոր դատախազը: