18/04/2018 21:10
Մուտք գործել նախարարությունների ու գերատեսչությունների շենքեր. պաշտոնյաների կաբինետներում սկսել նստացույց. Փաշինյանի Թավշյա հեղափոխության ծրագիրը
Գնացեք ձեր գյուղապետարաններ, բռնեք ձեր ավագանու անդամներին և պահանջեք նրանցից գործադուլներ, որովհետև դուք են նրանց ղեկավարն ու շեֆը, ոչ թե հակառակը, այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով, այն մասին, թե ինչ ռազմավարությամբ են իրենք հասնելու իշխանության հրաժարականին:
«Կոչ եմ անում բոլոր գյուղերի և փոքր քաղաքների բնակիչներին ճնշումներ գործադրել իրենց գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների վրա և նրանց պարտադրեն, համոզեն ու պահանջեն, որ գյուղապետերը, վարչական շրջանների ղեկավարաները, քաղաքապետերն ու ավագանու անդամները հանդես գան թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով», - ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց գնալ գյուղապետերին և քաղաքապետերին ուղիղ ասել՝ «քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»:
Փաշինյանը նաև հրահանգեց մուտք գործել նախարարությունների ու գեչատեսչությունների շենքեր ու նստացույցեր սկսել այնտեղ:
«Մուտք գործել այդ շենքեր ու բոլոր պաշտոնյաների կաբինետներում, միջանցքներում ու սենյակներում սկսեք նստացույց, որպեսզի այնտեղ չմնա Սերժ Սարգսյանի պաշտոնյաների համար: Սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը: Պատկերացրեք իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանի նախարարը մտնում է իր սենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի: Սա է իշխանափոխությունը: Մենք պետք է այնպես անենք, որ Սերժ Սարգսյանն ինքը նստելու տեղ չունենա: Նա ՀՀ-ում պետք է չունենա կաբինետ», - ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է իրագործել վերը նշվածը՝ Փաշինյանն ասաց, որ դա հնարավոր կլինի քաղաքացիների նախաձեռնության պայմաններում իրականացնել.
«Այս պայմաններում հիմնական խնդիրը, որ պետք է լուծենք, այն է, որ ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունը և ԱՎԾ-ն պետք է դադարեն ժողովրդից պաշտապանել որևէ գերատեսչական շենք, որովհետև բոլոր այդ շենքերը պատկանում են ՀՀ-ին և նրա ժողովրդին», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իշխանությունը փորձում է թշնամացնել ժողովրդին ու վերը նշված ուժային կառույցներին: