19/04/2018 11:01
Տիրայր Մուրադյանին ծեծողները հին օպերներ են, մենք լավ ենք ճանաչում իրենց. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ, իսկ ծեծողները քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ են, Aysor.am-ին տեղեկացրեց ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Հարձակվող, ծեծողների նկարները ունենք։ Ավելի վատն այն է, որ տարածքում համազգեստով ոստիկաններ եղել են, որոնք ոչ մի կերպ չեն միջամտել ծեծին», - ասաց Իոաննիսյանը։
Նրա խոսքով` Տիրայր Մուրադյանը շտապ օգնության ծառայողների կողմից համապատասխան բուժօգնություն ստացել է։
«Ես իրեն դեռ չեմ տեսել, հետևաբար չեմ կարող ասել՝ ինչ վնասվածքներ է ստացել», - նկատեց Իոաննիսյանը։
Հարցին, թե ինչ փաստերի հիման վրա են պնդում, որ Տիրայրին քաղաքացիական համազգեստով ոստիկաններ են ծեծի ենթարկել, նա պատասխանեց. «Նրանց մենք ճանաչում ենք, հայտնի օպերներ են։ Բայց մենք այլ փաստեր էլ կհրապարակենք, որովհետև մենք իրենց բոլորի մասնակցության նկարներն ունենք նաև հին միջոցառումների ժամանակ»։
ՀԿ-ի նախագահը նաև տեղեկացրեց, որ հետամուտ են լինելու քրեական հարթության վրա հարցը լուծելու, ծեծի ենթարկողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։