19/04/2018 23:27
Հայաստանի ՀՆԱ-ն 2,1 անգամ ավելացել է` բնական է, որ զարգացում կա. Սերժ Սարգսյան
Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 2,1 անգամ, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Համեմատելով ցուցանիշները 2007թ.-ի հետ՝ նա նշել է, որ այդ ժամանակ ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ:
«Այսինքն՝ 2,1 անգամ ավելացել է մեր տնտեսությունը: Միանգամից ասելու են` դրամն արժեզրկվել է, ուստի ես հնչեցնեմ նաև ՀՆԱ-ն՝ դոլարային արտահայտությամբ: Այն ժամանակ եղել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, այս տարվա հունվարի մեկի դրությամբ` 11 միլիարդ 560 միլիոն դոլար», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ նույն պատկերն է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով:
«Եվ որպեսզի նորից չշահարկեն, թե եղել է գնաճ և այլն, ասեմ նաև իրական ՀՆԱ-ի ինդեքսը: 2007թ.-ի 100 տոկոսին, այսօր 142 տոկոս է: Բնական է, չէ՞, որ զարգացում կա», - ասել է Ս. Սարգսյանը: