19/04/2018 23:17
Մարդկանց կյանքը բարելավվել է. Սերժ Սարգսյան
Մարդկանց կյանքը բարելավվել է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Վերջինս անդրադարձավ նվազագույն աշխատավարձին` նշելով, որ 2007 թվականին նվազագույն աշխատավարձը ամսեկան 15 հազար դրամ էր, իսկ այսօր 55 հազար դրամ է, ինչը գրեթե 4 անգամ ավել է: Նրա խոսքով՝ միջին ամսեկանը 62 հազար դրամ էր, հիմա 184 հազար:
«Արդյոք սա փոփոխություն չէ՞, բա ի՞նչ անեն, որ 100 անգամ ավալանա: Աշխարհում կա՞ նման օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այսպիսի բան», - նշեց նա:
Սարգսյանն ընդգծեց, որ այսօր երկրի առաջնային խնդիրներից է աղքատությունը, որը երկրում 29,2 տոկոս է` նշելով, որ աղքատությունը գնահատվում է ոչ թե եկամուտով, այլ սպառումով:
«Այստեղ մտածելու տեղ կա», - նշեց ՀՀ վարչապետը:
Նա նկատեց, որ վերջին տարիներին բավականին ավելացել է նաև ներկրված մեքենաների քանակը: Սարգսյանն ընդգծեց, որ եթե 10 տարի առաջ ՀՀ-ում գրանցված էր ավելի քան 333 հազար ավտոմեքենա, ապա 2017-ին այդ թիվը հասել էր 616 հազարի:
«Թիվը գրեթե կրկնապատկվել է, և եթե հաշվի առնենք, որ 2018-ի առաջին եռամսյակում երեք անգամ ավելացել է ներկրված մեքենաների քանակը, հաստատ կարող ենք ասել, որ մեքենաների թիվը կրկնապատկվել է: Դեռ որակի մասին չեմ խոսում: Եթե հիշում եք, այն ժամանակ «ժիգուլի» էր, հիմա միջին եվրոպական մեքենաներ են: Բա մարդկանց առօրյան ինչպե՞ս է նույնը մնացել», - նշեց նա: