19/04/2018 22:57
Երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ո՞ր քաղաքական ուժը կստանար քվե. Սերժ Սարգսյանը` Սահմանադրական փոփոխությունների մասին
Կառավարման կարգի փոփոխություն պահանջում էին գրեթե բոլոր ուժերը` դեռևս 90-ական թվականներից, այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:
«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառումներ չկային Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին, բայց բոլորն ականատես եղան, որ բոլոր կառույցները` Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրական վերաբերվեցին այս փոփոխություններին», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց` Սահմանադրական փոփոխությունները ծնվել են երկրի զարգացմանը համընթաց:
«Երեկ Ազգային ժողովում ես բացատրեցի, որ մեր պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման կարգը: Եվ դա գալիս էր մարդկանց մոտեցումներից` նրանք ավելի շատ վախենում էին քաոսից, անիշխանությունից, քան թե նախագահին տրված լիազորությունների ծավալից», - ասել է ՀՀ վարչապետը:
Նա ընդգծել է, որ երկու կամ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ո՞ր քաղաքական ուժը կստանար քվե ու արդյոք կառաջադրե՞ր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: