19/04/2018 23:18
Քաղաքական ծրագիրը պետք չէ համեմատել երդման հետ ու ասել «չէ, երդվել ես ու երդումդ խախտում ես». Սերժ Սարգսյան
Տրամաբանական չէ քաղաքական ծրագրերը համեմատել երդման հետ ու ասել «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը չի կատարել իր ներկայացրած ծրագրի մի շարք դրույթներ:
«Մամուլում կային մարդկանց կարծիքներ, որ, տեսեք, խոստացել է Իրան-Հայաստան երկաթուղի կլինի, չկա, խոստացել է ատոմակայան լինի, չկա, էլ ի՞նչ խոստումներ եմ տվել և այլն: Պիտի ասեմ, որ որևէ ծրագրում հնչած կամ ներառված դրույթները երբեք չեն կարող լինել քարացած», - ասել է Սերժ Սարգսյանն ու առանձին անդրադարձել երկաթուղու ու ատոմակայանի կառուցման դրույթներին.
«Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան՝ ավտոմայրուղու կառուցման համար և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Ինչ վերաբերում է ատոմակայանին, այո, մենք մշտապես պետք է ունենանք ատոմային էներգիա, բայց պիտի նաև մտածենք, թե ի՞նչ չափով ու ինչպե՞ս զարգացնենք այդ բնագավառը: Աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել:
Նախ արդեն փորձարկման շրջանում է գտնվում ավելի փոքր հզորության ատոմակայանի մոդելը, որը մեր երկրի անվտանգության ու ընդհանրապես անվտանգ շահագործման համար շատ ավելի հարմար է: Երկրորդ կանաչ էներգիան շատ մեծ թափով մտնում է մարդկանց կյանք և արդեն արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական ինքնարժեքին: Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ մենք, անպայման, ատոմակայան պետք է կառուցենք, եթե ասել եմ անպայման գնա՞նք իմ ասածը անելու, թե՞ երկրի տնտեսության համար ավելի արդյունավետ ու շահավետ եղանակ գտնենք էներգիայի աղբյուրի: Ես կարծում եմ՝ դա տրամաբանական է», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է՝ ծրագրերը դիտարկելիս պետք է հաշվի առնել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նույնպես:
«Մի բան է, երբ դու ծրագիր ես գծում, դրանում տարբեր թվեր ես հնչեցնում, դրանք ցուցանիշներ են, որոնց փորձում ես ձգտել և դա համեմատել երդման հետ, ասել` «չէ, դու երդվել ես ու երդումդ խախտում ես», ո՞րքանով է դա տրամաբանական, ո՞րքանով է ճկունություն հաղորդում», - ամփոփել է Սերժ Սարգսյանը: