19/04/2018 23:37
2040-ին 4 մլն բնակչություն ունենալը հասանելի թիվ է և առաջիկայում այդ ծրագրի շուրջ կսկսվեն քննարկումներ. Սերժ Սարգսյան
Մոտակա շաբաթների ընթացքում կսկսվեն քննարկումներ Հայաստանի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու ծրագրի շուրջ, այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ արտագաղթը Հայաստանի «արնահոսող վերքն է», ցավալի ու վտանգավոր երևույթ։
«Բայց պետք է ասեմ, որ արտագաղթը բնորոշ չէ միայն Հայաստանին, այն բնորոշ է նախկին Խորհրդային երկրներին, Արևելյան և նույնիսկ Արևմտյան Եվրոպային։ Այդ պրոցեսները միշտ տեղի են ունենում», - ասել է Սարգսյանը։
Վարչապետը նկատել է, որ արտագաղթի հետ կապված խնդիրը փորձում են լուծել 2040-ին՝ 4 մլն բնակչություն ունենալու մասին ծրագրով։ «Այո, ես հայտարարել եմ այդ ծրագրի մասին և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040-ին 4 մլն բնակչություն ունենալը», - ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսվեն քննարկումներ այդ ծրագրի իրականացման շուրջ։
Ավելին նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմում համապատասխան ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի այդ ծրագրի իրականացմամբ։ Այդ ստորաբաժանման մեջ, նրա խոսքով, ընդգրկված են տարբեր հաստիքների գծով մասնագետներ՝ սոցիոլոգներից մինչև ժողովրդագիրներ։
«Կարծում եմ առաջիկա ամիսների ընթացքում այդ ծրագիրը մենք կհամարենք սկսված», - հավելել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը վստահեցրել է, որ իրենից երիտասարդները այս ծրագրի արդյունքները կտեսնեն։