19/04/2018 22:47
Վարչապետն ընտրված է օրինական. ՀՀԿ խոսնակ
Քաղաքական մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Շարմազանովը նշեց, որ այս հանրահավաքները ազդել են տնտեսության վրա:
Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե վարչապետի ընտրությունը եղավ, այսպես ասած, փշալարերի հետևում, ՀՀԿ խոսնակն արձագանքեց, որ, ըստ Սահմանադրության, վարչապետ պիտի ընտրվեր մեծամասնությունը վայելող թեկնածուն, և պատգամավորներն էլ իրացրել են իրենց ազատ կամարտահայտումը:
«Վարչապետի ընտրությունը լոկ արձանագրային միջոցառում էր», - ասաց նա:
Շարմազանովը հավելեց, թե չի ցանկանում հիմա այնպիսի մեկնաբանություններ տալ, որ կրակի վրա յուղ լցնի:
«Վարչապետն ընտրված է օրինական, քաղաքական մեծամասնությունն ունի բարձր պատասխանատվություն և կամք` բարեփոխումները շարունակելու, միաժամանակ լսելու հասարակությունից եկող ազդակները», - ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ ինչպես նախագահ Սարգսյանն էր առաջարկել, Փաշինյանը գնա երկխոսության, Շարմազանովն արձագանքեց, որ ինքն անուղղելի լավատես է. «Ինչպես ասում էր Սողոմոն Իմաստունը՝ սա էլ կանցնի, այս փորձության միջից էլ դուրս կգանք, կարևորն այն է, որ բոլորս գիտակցենք, որ մենք բոլորս ՀՀ զավակներ ենք: Մենք պատրաստ ենք լսելու, իսկ մեր գործընկերոջ օրակարգը քաղաքական չէ»: