19/04/2018 15:42
Վիգեն Սարգսյան. Երկրում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես ուղիղ փոխշաղկապվածության մեջ են բանակի մարտունակության աստիճանի հետ (Տեսանյութ)
Բանակը հասարակության, պետության անբաժան մասն է և երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի նաև բանակի հետ, «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին:
«Չեմ կարող ուղիղ կապ անցկացնել անմիջապես այս կամ այն հանրահավաքի, միջոցառման և ծառայության միջև, բայց, անշուշտ, համարում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում՝ մշտապես ուղիղ փոխշաղկապվածության մեջ է նաև բանակի մարտունակության աստիճանի հետ», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծել է` խոսքը կոնկրետ հիմա Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ:
«Պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային լուրջ ներազդելու, իրոք կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական համակարգը: Կարծում եմ` ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունն, իհարկե, կարող է մեծապես տուժել դրանից: Նորից եմ կրկնում` խոսքն այս դեպքերի, իրադարձությունների մասին չէ», - ասաց պաշտպանության նախարարը:
Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ, ապա, ըստ Վիգեն Սարգսյանի, դրանց համար տեղեկատվական առիթ չկա:
«Չեմ կարողանում ինքս ինձ համար պատասխանել հարցին, թե ո՞րն է այս իրադարձությունների տեղեկատվական առիթը, ո՞րն է դրդապատճառը: Մենք մեկ տարի առաջ անցել ենք բավականին լուրջ գործընթացով, որը կոչվում էր խորհրդարանական ընտրություններ: Ձևավորվել է խորհրդարան և առաջին անգամ երկար տարիների մեջ այդ խորհրդարանի ձևավորման նկատմամբ գոյություն ունի բավականին բարձր վստահության աստիճան: Ընդդիմությունը ձևավորեց իր խմբակցությունը խորհրդարանում, ձևավորվեց կառավարություն, որը ներկայացրեց ծրագիր ու մեկ տարվա մեջ տվեց ռեալ արդյունք: Այս ամենի համատեքստում տեղեկատվական առիթը բավարար չէ մասսայական դժգոհության այսպիսի ջանքեր գործադրելու համար: Կարծում եմ` այս ներքին գործընթացքներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան», - ասաց Վիգեն Սարգսյանը: