19/04/2018 09:48
Ֆադեյ Չարչօղլյանը կնշանակվի Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ավելի վաղ գրել էինք, որ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է և առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը շտապեց հայտարարել, թե դեսպանը շարունակում է իր գործունեությունը: Մինչդեռ Ֆադեյ Չարչօղլյանը շարունակում է գտնվել Երևանում և, մեզ հասած տեղեկություններով, անգամ արդեն նախագահական աշխատանքի է գնում:
«Նման բան չկա, ես Երևանում եմ, որովհետև մի քանի հանդիպում ունեմ, մնացած հարցերով դիմեք ԱԳՆ-ին, ես իրավասու չեմ որևէ մեկնաբանություն տալ», - դիվանագիտորեն պատասխանեց Չարչօղլյանը:
Մեր դիտարկմանը, թե գուցե այսօր չկա, բայց երկու օրից նշանակում լինի, նա անդրդվելի մնաց. «Նշանակողը ես չեմ, ինձ որևէ մեկը բան չի ասել դեռ»:
Տպավորություն է, թե դեսպանը բանուգործը թողել է, օրերով եկել է Հայաստան, հանդիպումներ է ունենում, մեկ էլ հանկարծ իրեն բռնում են, ոչ ավել, ոչ պակաս՝ նախագահի աշխատակազմում պաշտոն են տալիս, ինքն էլ այդ մասին իմանում է մամուլից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում