20/04/2018 20:16
Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը. Արա Զոհրաբյան
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք ցավոք այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։
Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։
Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։
Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը։
Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինք ցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը, սակայն լինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված և եղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում տարածքային կորուստներ կրած և պատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։
Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։
Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով։
Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին»։