20/04/2018 13:05
«Տարեք սրան». Լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է տալու ոստիկանների կողմից իրեն հարվածելու և աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ
«Իրազեկ քաղաքացիական միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը Աբովյան-Երևան մայրուղու վրա իրեն բերման ենթարկելու դեպքից Aysor.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել.
«Այդ տարածում նկարահանումներ էի իրականացնում, և ոստիկանները հրահանգում էին՝ փողոցից դուրս եկեք։ Ես էլ գնում եմ դեպի մայթի կողմ ու շարունակում եմ նկարահանումներս։ Այդ պահին գալիս է տարածքում ոստիկաններին հրահանգ տվող գնդապետը՝ մուգ հագուստով, ու ասում է՝ տարեք սրան։ Ես ընդդիմանում եմ, ասում եմ՝ լրագրող եմ ու ցույց եմ տալիս բեյջս, բայց չեն հանդարտվում, ասում են՝ տարեք ու ձեռքը դնում է գլխիս, որ խցկի մեքենայի մեջ»։
Լրագրողն ասաց, որ իր հետ միասին մեքենայի մեջ նստել են համազգեստով ոստիկաններ ու տարել իր համար անհայտ ուղղությամբ։
«Մեկ էլ ոստիկաններից մեկը զանգ ստացավ, հավանաբար հարցրին՝ ուր են տանում, այս ոստիկանը պատասխանեց՝ Աբովյանի բաժին։ Արդեն Աբովյանի բաժնի ճանապարհին, մի զանգ էլ են ստանում, որով հրահանգվում է բաժին չտանել, այլ կանգնեցնել մեքենան ու իջեցնել լրագրողին։ Ու հիմա ուզում են ինձ թողեն գազի զապրավկի մոտ, բայց ես ասում եմ՝ մոտս գումար չկա, ինձ հետ տարեք», - շարունակեց լրագրող Տիրայր Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ ոստիկանները հետո տաքսիով հետ են ուղարկել իրեն այնտեղ, որտեղից փորձել էին բերման ենթարկել։
Մեքենա, ըստ լրագրողի, ոստիկաններն իրեն նստեցրել են բռնի ուժ կիրառելով. «Ինձ հրել են, բրթել են, հարվածել են: Չեմ կարող ասել ինձ ծեծել են, թե ոչ, ես իմ մարմնի վրա ցավ չեմ զգում։ Բայց այնպես չի, որ ես իմ կամքով եմ նստել նրանց ավտոմեքենան»։
Հարցին, թե արդյոք պատրաստվում է հաղորդում ներկայացնել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին, Տիրայր Մուրադյանը դրական պատասխան տվեց. «Նախորդ դեպքերի կապակցությամբ էլ եմ հաղորդում տվել, այս դեպքով էլ անպայման հաղորդում եմ տալու հանցագործության մասին»։