
20/04/2018 21:51
Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ծիծաղելի է համարում իշխանությունների կողմից իրենց ուղղված երկխոսության կոչերը։
«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում։ Քաղաքական դիակի հետ չենք երկխոսում։ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է։ Հայաստանի իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովրդին», - այսօր Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց Փաշինյանը։
Երկխոսության մասին հայտարարություններին հրապարակում հավաքված ժողովուրդը արձագանեց. «Ուշ է, ուշ է», իսկ Փաշինյանն էլ լրացրեց. «Поезд ушел»։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, դա չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն որևէ քննարկում ունենալ։
«Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ։ Ես պատրաստ եմ ասել, որ մենք ընդհանրապես վրեժխնդրություն չենք ուզում։ Եվ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը և օր առաջ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարեց Փաշինյանը։