
20/04/2018 21:36
Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում տիրող իրավիճակին, նրա իշխանությունը մահացած է. Նիկոլ Փաշինյան
Այսօրվա ժողովրդական ակցիաները, փողոցներ փակելու գործողությունները կրել են զանգվածային բնույթ, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նա թվարկեց Երևանում և մերձակա տարածքներում մեկ տասնյակից ավելի փողոցներ, որոնք այսօրվա ընթացքում փակ են եղել։ Դրանց թվում է նաև Էջմիածնից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Բացի այդ, Փաշինյանի փոխանցմամբ, բողոքի գործողություններ են եղել Չարնեցավանում, Էջմիածնում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Արշալույս գյուղում, Եղեգնաձորում և այլն։ Հանրահավաքի կազմակերպիչը նաև հայտարարեց, որ մի շարք դպրոցներում, ուսումնական հաստատություններում գործադուլ է հայտարարված։
«Այս ամենը արվում է ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի իշխանությունը անցյալ է։ Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում տիրող իրավիճակին, Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է, և Հայաստանի Հանրապետությունում, այո՛, մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետև իշխանությունը իր ձեռքն է վերցրել ժողովուրդը, և ահա, մենք երկխոսում ենք այստեղ, հիմա ՀՀ ամենահզոր, ամենաուժեղ ու հավերժական իշխանության հետ։ Կեցցե՜ Հայաստանի ժողովուրդը, կեցցե՜ ՀՀ քաղաքացին», - հայտարարեց Փաշինյանը։
Նկատենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել բանակցել ու երկխոսություն սկսել հրապարակում կանգնածների հետ։