20/04/2018 12:27
Ոստիկաններն ինձ ասացին` «սխալմունք է եղել», հիմա Տիրայր Մուրադյանին հետ ենք տանում. Ժուռնալիստների միության նախագահ
Ժուռնալիստների միությունը հետևում է լրագրող Տիրայր Մուրադյանի հետ կապված դեպքերին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Տիրայրի հետ քիչ առաջ խոսել եմ, երեկ եղել եմ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Խոսեցի նաև ոստիկանների հետ, ովքեր ուղեկցում էին Տիրայրին` հասկանալու, թե ի՞նչն էր տանելու պատճառ, հատկապես որ Տիրայրը եղել է լրագրողական բերջով և որևէ բան չի խախտել: Ոստիկաններն ինձ ասացին` «սխալմունք է տեղի ունեցել, հիմա Տիրայրին տանում ենք դեպքի վայր, որտեղից նստեցրել էինք մեքենան»», - ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Ժուռնալիստների միության նախագահի խոսքով` իր հետ զրույցում ևս Տիրայրը նշել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել.
«Ասաց, որ հարվածներ եղել են ու հատկապես մեքենա մտցնելու պահին», - նշեց Սաթիկ Սեյրանյանն` ավելացնելով.
«Ինձ համար հատկապես կարևոր էր պարզել, որ Տիրայր Մուրադյանին ուղեկցողները ոչ թե քաղաքացիական հագուստով էին, քանի որ հիմա ես տեսնում եմ ավելի շատ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ են, ուժ կիրառելով, ցուցարարներին տարածքից հեռացնում, այլ՝ համազգեստով»:
Նա ընդգծեց` թե՛ այսօրվա դեպքի հետ կապված, թե՛ երեկվա նույն լրագրողի վրա տեղի ունեցած հարձակման դեպքում, դժվար չէ պարզել տվյալ անձանց ինքնությունը:
«Հայտնի է, թե ովքեր են եղել, ովքեր են ուժ գործադրել: Ես բոլոր դեպքերով հիմա զբաղվում եմ, հետևում եմ: Պահանջում ենք, որպեսզի տվյալ անձիք պատասխանատվության ենթարկեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ ցանկացած ոք կարող է ձեռք բարձրացնել լրագրողի վրա», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը: