20/04/2018 14:07
ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Ապրիլի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները:
Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և Քուվեյթի հետ երկկողմանի համագործակցության ոլորտները:
«Քուվեյթի հետ մեր երկրի հարաբարերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և կարծում եմ՝ համագործակցության եզրեր կարող ենք գտնել նաև մեր ոլորտում, մասնավորապես քաղպաշտպանության և բնական աղետների ռիսկի նվազեցման հարցերում», - նշեց Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից երկկողմանի համագործակցությունը խթանելու նախաձեռնության համար՝ դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին նշեց, որ նման հանդիպումները նպաստում են միմյանց ավելի լավ հասկանալու և փոխգործակցության քայլերը նախանշելու գործընթացներին:
«Հայաստանը բարեկամ երկիր է Քուվեյթի համար, և կարծում եմ մենք կարող ենք մեր բաժինը ունենալ մեր երկրների միջև դրական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում», - ավելացրեց դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին որպես ապագա երկկողմ համագործակցության առաջին քայլ նախապատատրաստել և ստորագրել ՀՀ ԱԻ նախարարության և Քուվեյթի Պետության համապատասխան կառույցի միջև աղետների ռիսկի նվազեցման խնդիրների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը Քուվեյթի պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: