20/04/2018 10:57
ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքները Ոստիկանության բաժիններում
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ, Հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Հատուկ ուշադրություն է դարձվում անձանց բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ:
Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: