20/04/2018 11:29
Ոստիկանները լրագրող Տիրայր Մուրադյանին բռնի ուժով բերման ենթարկեցին
Երևան-Աբոյան մայրուղուց ոստիկանները բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին։
Երբ Տիրայր Մուրադյանն ասաց, որ լրագրող է, ոստիկանները հաշվի չառան և սկսեցին բռնի ուժով ու հարվածելով գլխին նստեցնել մեքենան ու բերման ենթարկել։
«Ինձ տանում են անհայտ ուղղությամբ», - Facebook-յան իր էջում հասցրել է տեղեկացնել Տիրայր Մուրադյանը։
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն էր կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք հարձակվել են իր վրա, գցել գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։