21/04/2018 21:32
«Դզող-փչողները» խոստացել են անվճար սարքել ոստիկանների կողմից ջարդված ցուցարարների մեքենաները. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
Ելույթով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե այսօր փորձելով իրեն ձերբակալել՝ մտածել են շարժումը կմարի։
«Եթե նույնիսկ դուք էսօր ինձ ձերբակալեք, բերման ենթարկեք, միևնույն է, պետք է Ազգային ժողով բերեք ինձ, հատուկ նիստ անեք», -ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր, երբ փորձ էին անում իրեն բերման ենթարկել, փակվեց Բագրատաշենի մաքսատունը, Մեղրիի, Նոյեմբերյանի, Մասիվի ճանապարհները։
«Սթափվեք», - ասաց նա։
«Իմ քայլը» շարժման ղեկավարն, անդրադառնալով վերջին երկու օրը տեղի ունեցած միջադեպերին, ասաց. «Գիշերվանից բանդաները սկսել են ջարդել որոշ ավտոմեքենաներ, որոնց տերերը միացել են մեր հավաքներին: Ես ուզում եմ ասել մի բան՝ ժողովուրդ ջան, ինչ լինում է, ժեշտին լինի։ Մեր քաղաքի դզող-փչողներից էին եկել, ովքեր ասում էին՝ իրենք այդ ավտոներն անվճար կսարքեն»։
Ն. Փաշինյանն ասաց, որ այսօր Սփյուռքում դրամահավաք է կազմակերպվելու։
«Որևէ ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա, դա ձեր ծախսը չէ, մենք ձեր բոլոր ծախսերը, կարիքները, վնասները կհոգանք, այդտեղ թեմա չկա», - ասաց նա։