21/04/2018 14:15
Հայաստանում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը և վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
«ՍԻՄ կուսակցությունը որոշեց. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության վերաբերյալ նախաձեռնության և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուժողական մթնոլորտի վերացմանը և բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:
ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է և համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկուների և լուծումներ գտնելու միջոցով:
ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների և կոչերի շարունակականության մեջ միևնույն ժամանակ համոզված է, որ այյդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան և բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ», - ասված է կուսակցության հայտարարությունում: