21/04/2018 12:53
Ես ուլտիմատումներով չեմ խոսում և որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս մեզ հետ խոսել ուլտիմատումներով. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի կոչին ի պատասխան
Մենք պատրաստ ենք Սերժ Սարգսյանի հետ քննարկել միայն իր հեռացման պայմանները, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության գնալու կոչին:
«Դա երկխոսություն չէ, խնդրում եմ տերմինները ճիշտ օգտագործել, պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում` մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, որ պետք է գնալ երկխոսության՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար, նա ասաց.
«Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Ուլտիմատումի մասին չէ խոսքը` սա բխում է իրավիճակի սթափ գնահատականից: Ես ուլտիմատումներով չեմ խոսում և որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս մեզ հետ խոսել ուլտիմատումներով»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` հավաքները եղել են բացարձակ խաղաղ և լինելու են բացարձակ խաղաղ.
«Ուժ կիրառելու որևէ իրավական հիմք չկա: Ես չեմ կարող որոշումներ կայացնել` դուք տեսաք, որ ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին, դուք տեսաք, թե երեկ ժողովուրդն ինչպես արձագանքեց երկխոսելու կոչին` «Ուշ է, ուշ է…»»: