21/04/2018 13:13
Մարտի 1-ը չի կարող կրկնվել. չեմ հավատում, որ կա ոստիկան, ով կկրակի մեզ վրա. Նիկոլ Փաշինյան
2008թ. մարտի մեկը չի կարող կրկնվել, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով «անդառնալի կորուստներից» խուսափելու համար երկխոսության գնալու վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին:
«Մարտի 1-ը չի կարող կրկնվել, որովհետև ի տարբերություն մարտի 1-ի, այսօր ողջ հայությունը, ողջ հայությունը` ես պատասխանատու եմ ասում, աջակցում է մեր շարժմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իշխանության անարյուն փոխանցման համար նա կոչ արեց Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին և առհասարակ Հայաստանի ու սփյուռքի մտավորականներին միավորվել ու լինել Հայաստանում:
«Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, կա զինվորական, որ պատրաստ է մեր վրա կրակել: Ես չեմ կարող դրան հավատալ: Մեր հայ ազգի ցանկացած կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այնկողմ` դա էլ անհրաժեշտության դեպքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորեց իրավիճակը չհամեմատել 2008թ.-ի, 2003թ.-ի, 1996թ.-ի կամ այլ տարիներին եղած բողոքի ցույցերի հետ:
«Մի պարզ բան` այս բոլոր ասած իրավիճակներում կային նախագահի թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մյուս մասը չէր սիրում, այսօր ամեն քաղաքացին պայքարում է ինքն իր, իր ընտանիքի իրավունքների ու ազատության համար: Միթե այս տարբերությունը հստա՞կ չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց` իր հետ երկխոսության հարցով որևէ մեկը չի կապվել:
«Որևէ կոնտակտ չի եղել: Ես կարծում եմ, որ ես շփման համար փակ չեմ, ըստ էության, իմ հետ կապվելու որևէ դժվարություն չկա, բայց ես ասում եմ` քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Ընդ որում, այդ պայմանները պետք է ընդունելի լինեն ոչ թե ինձ համար, այլ ժողովրդի համար», - ասաց Փաշինյանը:
Նա դիմեց ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով Սերժ Սարգսյանին ներկայացնել ՀՀ-ում ստեղծված իրական պատկերը:
«Լրիվ անկեղծ և եղբայրաբար կոչ եմ անում Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակն իր բոլոր մանրամասներով և բացատրել, որ նրա համառության ամեն օրը, ամեն ժամը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը», - ասաց նա: