21/04/2018 14:26
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է վարչապետի երկխոսության առաջարկին
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը բարձր է գնահատում վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
«Մենք միանում ենք Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի խուսափենք արյունահեղությունից, և մեր միությունն իր 100 հազարավոր անդամներով միանում է այդ կոչին ու պաշտպանում է Սերժ Սարգսյանի տեսակետը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Տաճատ Վարդապետայնն ընդգծեց, թե աղոթում է, որ կայանա երկխոսություն։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։
«Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:
Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:
Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»,-ասված էր վարչապետի հայտարարությունում։