23/04/2018 15:29
Առաջին հերթին զբաղվելու եմ ձերբակալվածների հարցով, բոլորն ազատ կարձակվեն. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրեն հոյակապ է զգում։
Նա ասաց, որ իր առաջին գործը ազատ արձակվելուց հետո ձերբակալված ցուցարարների հարցով զբաղվելն է։
«Բոլորին ազատ կարձակեն, ցուցակները կնայենք՝ ովքեր են, ու կզբաղվենք այդ հարցով, որովհետև ես որևէ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ 24 ժամերի ընթացքում ես 100 տոկոսով մեկուսացված եմ եղել լրահոսից։ Կճշտեմ ինֆորմացիան, և բոլորը ազատ կարձակվեն», - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե արդյոք նա ազատ արձակվեց հանրային ճնշման ազդեցությամբ, Փաշինյանը դրական պատասխան տվեց։
Ուղիղ հարցին, թե ինչու ազատ արձակվեց ինքը, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև Հայաստանում իշխանափոխություն է կատարվել»։
Պատգամավորը նաև ասաց, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում ինքը մանրամասներ կներկայացնի կատարվածի մասին։
«Հանրահավաքում ես բոլոր հարցերի պատասխանները կտամ», - ասաց Փաշինյանը։
Նկատենք, որ Փաշինյանին երիտասարդ ցուցարարները Տիգրան Մեծի փողոցում ընդունեցին ծափողջյուններով, նույնիսկ շամպայն հյուրասիրեցին։
«Խմենք մեր առաջին հաղթանակի համար։ Նշում ենք մեր հաղթանակը», - բացականչում էին նրանք։