23/04/2018 15:17
Եմենում առնվազն 20 մարդ է մահացել արաբական կոալիցիայի օդուժի հարվածներից
Եմենի հյուսիս-արևմուտքում առնվազն 20 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 40-ը վիրավորվել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով, հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել Հաջայի նահանգում: Արկերն ընկել են այն շենքի վրա, որտեղ հարսանիք էր: Կոալիցիայի հարվածից ոչ շատ առաջ Եմենի «Անսար ալլահ» ապստամբ շարժման (հուսիթներ) կողմնակիցները երկու հրթիռ էին արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ:
Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների համաձայն, թագավորության հակաօդային պաշտպանության ուժերը կալանել ու ոչնչացրել են հրթիռներից մեկը, իսկ մյուսն ընկել է անապատային տեղանքում: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջև: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:
Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մոտ 2,4 հազար երեխաներ և մոտ 2 հազար կանայք: