23/04/2018 11:27
Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցել, որ սահմանին կուտակումների մասին տեսանյութը կեղծված է. Վիգեն Սարգսյան
Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ սահմանին հակառակորդի կուտակումների մասին տեսանյութը, կարող էր կեղծված լինել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով առաջնագծում եղած իրավիճակին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լիներ, հուսով եմ` հասկանում եք, որ շատ օբյեկտիվ ու հասկանալի ձևով, իրոք, հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ տեղի ունեցած զարգացումներին», - ասաց Վիգեն Սարգսյանն` ընդգծելով.
«Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի` իր առջև դրած խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ անելուն: Ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով նոր բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին», - ասաց պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով` սահմանային իրավիճակի մասին բարձրաձայնումը նպատակ չուներ կանխել կամ փոխել որևէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը:
«Բայց դա նաև չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում` նույնիսկ, եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա», - ասաց պաշտպանության նախարարը: