24/04/2018 14:04
Արտահերթ ընտրությունների դեպքում «Օրինաց երկիր»-ը միանշանակ կմասնակցի ու կլինի պայքարի առաջնագծում. Արթուր Բաղդասարյան
Այս պայքարը ցույց տվեց, որ Հայաստանում մեծանում է սերունդ, որն ուզում է ապրել ազատ, արժանապատիվ երկրում, Ծիծեռնակաբերդում Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ կային: 2017թ. ընտրությունները, որոնք ուղեկցվեցին լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքներով, լուծեցին սոսկ այդ պահի խնդիրը, բայց ոչ օրեցօր խորացող սոցիալական ճգնաժամը, զանգվածային գործազրկությունը, ազգային անվտանգության սպառնալիքի հասած լայնամասշտաբ արտագաղթը», - ասաց Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով հարցին` ինչու՞ այդ դեպքում ՕԵԿ-ը միայն երեկ միացավ շարժմանը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք ի սկզբանե հայտարարություններ են տարածել և ՕԵԿ-ը առաջինն էր, որը որպես միակ ճիշտ հանգուցալուծում առաջարկեց արտահերթ ընտրությունների անցկացումը:
«Ինչ վերաբերում է պայքարին ընդհանրապես, ապա ՕԵԿ-ի բազմաթիվ անդամներ արտահայտել են իրենց զորակցությունը, ունեինք ձերբակալված մարդիկ, այդ թվում` Սպիտակի կուսակցական կառույց նախագահը: Սա ազատ, ոչ կուսակցական, խնդրում եմ ֆիքսեք, քաղաքացիական ազատ պայքար էր», - ասաց Ա. Բաղդասարյանը:
Նա նշեց` ՕԵԿ-ը քաղաքական դաշտում բաց է համագործակցության համար.
«Բաց ենք, որպեսզի իսկապես մեր երկիրը տանենք ազատության, ժողովրդավարության ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը շատ առողջ և կառուցողական թեզեր է հնչեցնում: Հայաստանում պետք է վերանա թշնամության, ատելության, քաղաքական անհանդուրժողականության մոտեցումները: Այն, ինչ բազմիցս ասել է «Օրինաց երկիր» կուսակցությունն իր բոլոր նախընտրական ծրագրերում: «Օրինաց երկիր» կուսակցությունը միանշանակ կմասնակցի, եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանում կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և մենք լինելու ենք այդ պայքարի առաջին գծում», - ամփոփել է Արթուր Բաղդասարյան: