24/04/2018 11:35
Կապրեմ` ինչպես նախորդ 59 տարիների ընթացքում, կլինեմ երջանիկ երևանցի. Լևոն Ալթունյան
Քաղաքականության մեջ փորձառու չեմ, բայց ինչը որ ստացվեց, ստացվեց շատ գեղեցիկ, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:
Հարցին` Կառավարության հրաժարականից հետո ի՞նչ է անելու նա հետագայում, Լ. Ալթունյանը պատասխանեց.
«Կապրեմ այնպես, ինչպես որ անցյալ 59 տարին, այսինքն` երջանիկ երևանցի: Հազար ու մի բան կարող եմ անել` ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ», - ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումի պատճառներին` Լ. Ալթունյանը նշեց, որ իրավիճակը փոխվում է և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է:
«Մարդն իր հղումի մեջ ժողովրդին կոնկրետ ասեց` որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանակն ուղիով: Գնահատականները շատ շուտ է տալ, բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը», - ասաց Լ. Ալթունյանը: