24/04/2018 18:37
Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին. Կարեն Կարապետյան
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին:
Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին:
«Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը», - ասել է Կ.Կարապետյանը:
Նրա խոսքով, մեր բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է: