24/04/2018 11:27
Մենք միշտ էլ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել. ՀՅԴ բյուրոյի անդամ
Այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ այն, որ ժողովուրդն իսկապես ակտիվացավ, իր իրավունքներին տեր կանգնեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։
«Քաղաքական դաշտը ցույց տվեց հասունություն, որպեսզի ամեն գնով խուսափի առճակատումից, բախումից։ Կարծում եմ, որ մենք օրինակելի հասունություն ցույց տվեցինք», - ասաց Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե խոսքը բոլորին է վերաբերում։
«Զիջելու այդ կամքը, որ դրսևորվեց, որպեսզի բախում տեղի չունենա, ամենամեծ գնահատականն է, որ կարելի է տալ մեր քաղաքական դաշտին», - նշեց Մարգարյանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետագա անելիքներին, Հրանտ Մարգարյանն ասաց.
«Հույս ունեմ, որ ոչ ոք չի փորձի կամք պարտադրել, ոչ ոք չի փորձի անտրամաբանական բաներ ասել, և կկարողանանք երկխոսությամբ ու համախոհությամբ հարցերը լուծել այնպես, որից օգտվողը լինի երկիրն ու ժողովուրդը։ Մենք միշտ էլ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել», - ասաց Հրանտ Մարգարյանը։