24/04/2018 11:03
Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)
Էս երկրում ինչ էլ ասես, սպասելի է, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Միշտ էլ նման բաներ եղել են՝ իշխանափոխություն, և այլն, և այլն։ Այս երկիրը ժողովրդինն ա, ու ժողովուրդը ոնց որոշում, ընենց էլ պետք ա անեն», - հավելեց պատգամավորը։
Հարցին, թե ի՞նչ էր նշանակում կատարվածը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց, որ կատարվածը ժողովրդի կամքն էր։
«Շատ ողջունելի է, որ արյուն չթափվեց», - ասաց Գրիգորյանը։
Լրագրողը հարցը ձևակերպելիս ասաց, որ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի թիմի անդամ է, ինչը բարկացրեց Գրիգորյանին. «Ես Երկրապահի նախագահ եմ, տղա ջան, եթե չգիտես, արի ծանոթանանք։ Ես առաջինը զինվորի հետ եմ աշխատում, սահմանին կանգնած զինվորի, Արցախի ու ժողովրդի»։
Այնուհետև հավելեց. «Աստծուն փառք, Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա ժողովրդին հանել։ Էդ ո՞վ ումն ա ջարդում։ Եթե կան մարդիկ, որոնք մեղավոր են, պետք է պատժվեն։ Ամեն մեկն իր գործը պետք է անի»։
Հարցին, թե պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ես պրիչոմ, եթե ժողովուրդն ուզում ա, ես պրիչոմ։ Ես Երկրապահի կողմից ներկայացված եմ եղել Հանրապետական կուսակցության ցուցակում։ Երկրորդը՝ եթե ընտրություններ լինեն, կգնանք ընտրության»։
Նրա խոսքով՝ առայժմ բանակցությունները կշարունակվեն և եթե գտնեն՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, ապա կորոշեն՝ անցկացնել, թե ոչ։
Լրագրողի մյուս հարցին, թե ինչը ստիպեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, պատգամավորը պատասխանեց. «Խելամտությունը, նա անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց։ Մենք սաղս պետք է Սերժին ողջունենք։ Ես էլի եմ ասում՝ Սերժը էնքան խելացի, էնքան հասկացող, հարգում էր ժողովրդին, երկրիրը, Արցախ: Մտածեց ու գնաց։ Բա որ փորձեր հանկարծ կոպիտ բաների գնար։ Ասեց ժողովրդի «վլաստն ա», հետ տվեց իրան»։