24/04/2018 01:25
Ցուցարարների երթը խոչընդոտելիս մահացու դանակահարվել է ապրիլյան պատերազմի մասնակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը (Լուսանկար)
Այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, գրում է Hetq.am-ը։
Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը 21.45 րոպեին: Իսկ վիրաբուժական բաժանմունքից ասացին, որ հիվանդը եղել է ծանր վիճակում և մահացել է վիրահատության ժամանակ:
Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:
Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան: Գլխով հարվածել է ցուցարարներից մեկին, վերջինս էլ դանակով հարվածել է:
Դեպքի մանրամասներիմասին տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել ոստիկանությունից:
Հավելենք, որ Ն.Հովհաննիսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, ապրիլյան պատերազմի մասնակից, կռվում կորցրել է ձեռքը: