24/04/2018 21:01
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կան խնդիրներ. Նիկոլ Փաշինյան
Ազգայն ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, այն դեպքում երբ իր թիմը գա իշխանության։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին կարող են պատասխանել միատեսակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան։
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ոչ թե քննադատել, այլ լուծել այդ խնդիրները երկխոսության միջոցով։
Լրագրողի խնդրանքով նա մատնանշել է հայ-ռուսական հարաբերություններում, իր խոսքով, գոյություն ունեցող մի քանի խնդիր. «Նախևառաջ այդ խնդիրները կապված են մեր տարածաշրջանի հետ, խնդիրներ կան նաև կապված Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, օրինակ՝ հայ վարորդները խնդիրներ ունեն վարորդական վկայականների հետ։ Այդ հարցը արդեն մեկ տարի է՝ չի լուծվում։ Մեկ այլ խնդիր է, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, ես կարծում եմ, որ այդպիսով խախտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը։ Հայ-ռուսական հարաբերություններում կան նաև տնտեսական խնդիրներ։ Ես կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է ուղղակի ջանք գործադրել, պետք է համբերատար լինել ու դրական տրամադրվածություն ունենալ»։