24/04/2018 22:02
Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե նույնիսկ լքի ՀՀԿ-ն. Փաշինյան
Արդյոք հնարավոր է՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համարվի վարչապետի թեկնածու, եթե նա լքի Հանրապետական կուսակցությունը, այս հարցը այսօր միջազգային լրագրողներին տված ասուլիսում տվել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ինչի պատգամավորը պատասխանեց կարճ. «Ոչ»։
Նա նաև ասաց, որ կարճ ժամկետում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում։
«Պետք է բարեփոխվի մեր ընտրական համակարգը, որպեսզի երաշխավորվի ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը», - ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկվի հրաժարական տված նախկին վարչապետը, Փաշինյանն ի պատասխան կրկնեց բազմիցս արված իր հայտարարությունը. «Վենդետա չի լինելու։ Լինելու է օրիանականություն»։
Մյուս հարցին, թե արդյոք օրինականությունը չի ենթադրում պատիժ, Փաշինյանը պատասխանեց, որ ենթադրում է, բայց պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը։