25/04/2018 09:01
ԱՄՆ Պետքարտուղարություն. Կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ «առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն», փոխանցում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ անցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում:
Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:
Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»: