25/04/2018 18:50
Հանդիպել են Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին. կարևորվել է ներքաղաքական իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը: