25/04/2018 14:27
Միգուցե փոշմանել եմ, այո. Ծառուկյանի փեսան՝ Սերժ Սարգսյանի վարչապետությանը կողմ քվեարկելու մասին
«Էս անուշ, լավ, ուրախ օրը, եկեք չփչացնենք, էս մեր երթի ընթացքն էլ չքցենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը՝ խուսափելով պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է փողոցում, եթե ԱԺ-ում կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
«Ես հիմա երթի մեջ եմ, չեմ կարա Ձեզ պատասխանեմ», - ասաց նա:
Մանուկյանը նաև պնդեց, որ ինքը միշտ է դրսում եղել. «Եթե Դուք ինձ չեք նկատել, ես փաստում եմ՝ մինչև հրաժարականը եղել եմ հրապարակում»:
Պնդմանը՝ փոշմանե՞լ է, որ կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, Դավիթ Մանուկյանն ասաց.
«Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն ճիշտը դա էր: Միգուցե ես փոշմանել եմ, այո»: