26/04/2018 16:12
«Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի ձայնը չի անտեսելու. Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի քվեարկության մասին
Քննարկումները և բանակցությունները շարունակվում են, այնպես որ վստահ եղեք՝ որոշումը չի ուշանա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին։
««Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի ձայնը չի անտեսելու, մեզ համար որոշիչ է լինելու ժողովրդի ձայնը։ Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել են, ավելի ոչինչ չեմ կարող ասել», - հավելեց պատգամավորը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը չպետք է իշխանություն լինի։
«Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա իր բոլոր մետաստազներով, դա փաստ է։ Որևէ աքսիոմ չկա որևէ դասագրքում, որ Հանրապետականը հավերժ պետք է լինի իշխանության։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա քաղաքական արժանապատվություն՝ լինելու արժանապատիվ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն», - նշեց Զոհրաբյանը։