26/04/2018 20:24
Սթոլտենբերգ. Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում
Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում և միտված է երկխոսության, որովհետև այժմ հարաբերություններում առկա լարվածությունը շատ մեծ է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ ապրիլի 27-ին կայանալիք հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք պատրաստում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և միտված ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, և այն փաստը, որ լարվածությունն այսօր մեծ է, փաստարկ չէ երկխոսության դեմ, այլ փաստարկ է հօգուտ երկխոսության շարունակման: Երբ տեղի են ունենում ընդգրկուն զորավարժություններ և ակտիվ ռազմական գործունեություն է ծավալվում, շատ կարևոր է խուսափել հնարավոր միջադեպերից», - ասել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական շփումների շրջանակներում անցյալ շաբաթ Բաքվում տեղի է ունեցել ՌԴ զինուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտիի հանդիպումը: